Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ

Համլետ Հարությունյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի մենամարտը. Արխիվային լուսանկար
Հարությունյանը Հայաստանի 8-հոգանոց թիմից միակն է, որը դուրս է եկել եզրափակիչ: Այստեղ նա կհանդիպի ռուսաստանցի Շարաբուտդին Աթաևի հետ։ Եզրափակիչ է հասել նաև Ռուսաստանի կազմում հանդես եկող Արշակ Թովմասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ 86 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադում ընթացող «Բեոգրադսկի պոբեդնիկ» մրցաշարի եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է սերբական «Ռեպուբլիկա» պարբերականը:
Հարությունյանը Հայաստանը ներկայացնող 8-հոգանոց թիմից միակն է, որին հաջողվել է եզրափակիչ հասնել։ Նա հաղթել է նաև տանտերերից մեկին՝ սերբ Վելկո Ռազնատովիչին, իսկ եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Շարաբուտդին Աթաևի հետ:
Եզրափակիչ է դուրս եկել նաև 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի կազմում հանդես եկող Արշակ Թովմասյանը։ Ոսկե մեդալը նա կվիճարկի Մոնտենեգրոն ներկայացնող Տոմիսլավ Ջինովիչի հետ։
Ինչպես նշում են սերբական պարբերականները, «Բեոգրադսկին պոբեդնիկ»-ը բռնցքամարտի երկրորդ ամենահին մրցաշարն Է Եվրոպայում: Այն այսպես է կոչվել «Պոբեդնիկ» (Հաղթող) հուշարձանի պատվին, որը գտնվում է Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում և նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի մարտիկների հիշատակին։