Վարդենիսի բնակիչը կալանավորվել է 1.5 կգ «a–PVP» թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

Նախաքննության ընթացքում անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ տեղադրել է տարբեր քաշերով ընդհանուր 6 փաթեթ թմրամիջոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վարդենիսի բնակիչը կալանավորվել է 1.535 գրամ «A–PVP» թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնաբերված թմրամիջոցները
Նշվում է, որ մարտի 11–ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով մի քաղաքացու տեղափոխել են ոստիկանության բաժին։
Պարզվել է, որ նա Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ է, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 14 փաթեթ՝ բաց շագանակագույն, կոշտ զանգվածով։ Պարզվել է, որ դարչնասպիտակավուն երանգի փոշեբյուրեղանման այս զանգվածը «a-PVP» կրճատ անվանմամբ թմրամիջոց է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի 1–ին և 3–րդ կետերով։
Նախաքննության ընթացքում տվյալ անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ տեղադրել է տարբեր քաշերով ընդհանուր 6 փաթեթ թմրամիջոց։ Դեռևս չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից նա ընդհանուր 20 փաթեթներով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1,535 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվանմամբ թմրամիջոց է ապօրինի ձեռք բերել, պահել և տեղափոխել։
Այդ փաթեթներից 14–ը հայտնաբերվել են վերջինիս անձնական խուզարկությամբ, իսկ 6–ը՝ տարբեր թաքստոցներից։ Մեղադրվող անձն ընդունել է մեղքը, նա կալանավորվել է։