ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Վլադիմիր Զելենսկուն՝ Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ–ը բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ, որպեսզի առևտուրը, պարենի մատակարարումները շարունակվեն և նավերն անվտանգ անցնեն:
«Այդ առիթով փետրվարին գլխավոր քարտուղարը նամակներ էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներին։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քաղաքացիական նավագնացության ազատությունը մնում է ՄԱԿ–ի գլխավոր նպատակը: Սննդամթերքի և առևտրի երթուղիները պետք է լինեն անվտանգ, անխափան և կանխատեսելի»,– ասել է Դյուժարիկը:
Ինչպես նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, Սև ծովով անցնող պարենի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը չափազանց կարևոր է համաշխարհային շուկաների և համաշխարհային պարենային անվտանգության համար:
«Չնայած նրան, որ վերջին ամիսներին զգալի բարելավում է նկատվել Սև ծովով տարանցվող սննդամթերքի արտահանման ծավալի առումով, Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից մեկնող նավերը շարունակում են ռիսկերի առաջ կանգնել նավահանգիստներին հասցված հարվածների և ծովային ականների առկայության պատճառով»,– նշել է Դյուժարիկը:
Նա ավելացրել է, որ վերանշյալ գործոնների պատճառով գործարքների ծախսերը մեծանում են:
Հիշեցնենք, որ Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թ. հուլիսի 22–ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել էր 2023 թ. հուլիսի 18–ին, երբ ՌԴ–ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին տեղեկացրել էր, որ դեմ է դրա երկարաձգմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ–ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: