ՀՀ–ից արված պատվերների ուշացումներ այլևս չե՞ն լինի. ինչպես է «Ozon»-ը լուծել խնդիրը

«Ozon»-ով պատվիրված ապրանքներ
Մարկետփլեյսը վստահեցնում է, որ չեղարկված պատվերների համար նախատեսված գումարները կվերադարձվեն 10 օրվա ընթացքում. ճշգրիտ ժամկետները կախված են բանկից և վճարային համակարգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսական «Ozon» մարկետփլեյսն ավիաառաքում է գործարկել Հայաստանի ուղղությամբ, որպեսզի բացառի մաքսային կետերում ուշացումների ռիսկերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ozon»–ից։
Փետրվարի վերջին Հայաստանի ուղղությամբ ապրանքների մատակարարումների հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Եղել էր դեպք, երբ «Ozon»–ով պատվիրված ապրանքը չեղարկվել էր, բայց դրա դիմաց գումար էր դուրս գրվել։ Մարտի սկզբին «Ozon»–ից Sputnik Արմենիային հաստատել էին, որ մարկետփլեյսը դժվարությունների է հանդիպել։

«Մենք մաքսային խնդիրների էինք բախվել ցամաքային տրանսպորտով որոշ ապրանքներ տեղափոխելիս։ Ստիպված էինք չեղարկել պատվերների մի մասը, ինչի մասին անմիջապես զգուշացրեցինք գնորդներին և վերադարձրինք նրանց գումարը։ Չեղարկված պատվերների գումարները կվերադարձվեն 10 օրվա ընթացքում։ Ճշգրիտ ժամկետները կախված են բանկից և վճարային համակարգից»,– պարզաբանեցին «Ozon»–ից։

Մարկետփլեյսից նաև հայտնեցին, որ Հայաստանի բնակիչների համար գործարկած անվճար ավիաառաքումը թույլ կտա բացառել մաքսային ուշացումների ռիսկերը և էապես կարագացնի պատվերների առաքումը։
Առաջին խմբաքանակը հաճախորդներին կառաքվի հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք` ապրանքի ստացման կետերը պատասխանատու են միայն հաճախորդներին ապրանքներ տրամադրելու համար։
Հայաստանում այժմ միայն 1 տեսակավորման կենտրոն է գործում։ 2 հազար ք/կմ մակերեսով լոգիստիկ օբյեկտը գործարկվել է անցյալ տարի Երևանում։ Այն ապահովում է պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց կոմպլեկտավորումն ու փաթեթավորումը, ինչպես նաև վերադարձը։
«Ozon»–ը Երևանում առաջին համաժողովը կանցկացնի հայ գործարարների համար