ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ հայ խորհրդարանականների հետ շփումները կազմակերպության գծով պահպանվում են, սակայն ԽՎ աշխատանքներին նրանք չեն մասնակցում:
«Խորհրդարանականների միջև շփումներն աշխատանքային կարգով պահպանվում են»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին ասել է ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչը:
Նրա խոսքով` չնայած ՀԱՊԿ ԽՎ գծով անձնական և աշխատանքային շփումների պահպանմանը, վեհաժողովի միջոցառումներին հայ խորհրդարանականները պաշտոնապես չեն մասնակցում:
Բացի այդ, ՌԴ նախագահի ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան։
«Իրավաբանորեն նրանք (հայ խորհրդարանականները,–խմբ.) անդամ են, պարզապես նրանք չեն մասնակցում այն միջոցառումներին, որոնք տեղի են ունենում»,– ասել է վեհաժողովի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել 2021 և 2022 թթ. իրադարձությունների ժամանակ (նկատի ունի Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները,–խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։
Մարտի 12–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից, եթե կազմակերպությունը «չպատասխանի ՀՀ–ում իր պատասխանատվության գոտու մասին հարցին»: