ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տարատեսակ հեղուկներ լցնելու և հրկիզելու փորձերի հետևանքով ընդհանուր առմամբ փչացել է 214 քվեաթերթիկ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին շաբաթ օրը հայտնել է ԿԸՀ ներկայացուցիչ Էլլա Պամֆիլովան։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի ընտրություններում քվեաթերթիկները փչացնելու հրահանգներ ստացվել են Ուկրաինայից և որոշ եվրոպական երկրներից։
«Մենք պարզել ենք, որ բոլոր այդ զանգերը (քվեաթերթիկները փչացնելու հրահանգներով) գալիս են զանգերի կենտրոններից, որոնք գտնվում են Ուկրաինայի և որոշ եվրոպական երկրների տարածքներում», - հաղորդել է Պամֆիլովան ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընտրատեղամասերում քվեատուփերը վնասելու համար ձերբակալվածները խոստովանել են, որ դա արել են արտասահմանից գումար ստանալու դիմաց և չեն իմացել քրեական պատասխանատվության մասին։ ՌԴ ԿԸՀ ղեկավարը պատմել է, որ ձերբակալվածներից մեկին խոստացել են 100 հազար ռուբլի։
Պամֆիլովայի խոսքով՝ Ռուսաստանը նախագահի ընտրություններում գլուխ կհանի սադրանքներից, որոնք ուղղորդվում են արտասահմանից։
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: