ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X–ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021թ–ի դեկտեմբերի 7–ի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,– ասված է պատգամավորների պաշտոնական նամակում։
Հիշեցնենք, որ մարտի 15–ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնել էր, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224 թ․ արձանագիր խաչքարը։
Խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։