ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ է քննարկվել Դիլիջանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ԿԲ նախագահը, ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և այլք։
Նիստի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստում քննարկվել է նաև Covid-ի համավարակի ազդեցությունը հանրակրության վրա աշխարհում և ՀՀ–ում։
Նշվել է, որ կրթական թերուսության խորացումն աշխարհում հասել է մինչև 70 % ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, իսկ մինչև համավարակն այն կազմել է 57 %։
Հայաստանի դեպքում, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, կրթության որակի անկումը հասել է մինչև 4 %–ի։
Կրթական ոլորտին բյուջետային հատկացումների նվազեցումն աշխարհում կազմել է միջինում մինչև 13%–ի չափով։ Հայաստանի դեպքում բյուջեն ոչ միայն չի նվազել, այլ տարեցտարի աճել է. 2024թ. աճը 2023 թ. նկատմամբ կազմել է 38 %։
Դպրոցների փակման ցուցանիշն աշխարհում կազմել է միջինում 141 օր, ՀՀ–ում դպրոցները ամբողջական փակ են եղել շուրջ 9 շաբաթ կամ 45 աշխատանքային օր, մասնակի փակ` շուրջ 3 շաբաթ կամ 15 աշխատանքային օր։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: