ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, հայտնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ:
«Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ:
Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով:
Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ:
«Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի»,- նշել է Անդրեասյանը:
Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և ընթացիկ մի շարք այլ խնդիրների: