Որևէ անձնական տվյալ չտալ. «ՀայՓոստը» զգուշացնում է` խարդախներ են գործում իր անունից

«ՀայՓոստից» նաև տեղեկացնում են, որ հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին արդեն փոստային բաժանմունքում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքացիները պարբերաբար հաղորդագրություններ են ստանում «ՀայՓոստի» անունից, թե իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով, դրա համար 12 ժամվա ընթացքում պետք է հաստատեն իրենց հասցեն՝ անցնելով տրամադրված հղումով։ «ՀայՓոստից» պաշտոնապես հայտարարում են` դրանք կեղծ հաղորդագրություններ են` խարդախների ձեռքի գործը։ Տեղեկությունը հայտնում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը։
««ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է»,– նշված է հաղորդագրության մեջ:
«ՀայՓոստից» հաճախորդներին կոչ են անում չվստահել կեղծ էջերին և որևէ անձանական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով։
«ՀայՓոստի» անունից sms են ուղարկում ու գումար շորթում. քաղաքացիները պետք է զգույշ լինեն
«ՀայՓոստից» նաև տեղեկացնում են, որ հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից այն ժամնակ, երբ իրենց առաքանին արդեն փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել: