ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Քարաթափում է տեղի ունեցել Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ժամը 09։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
Իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ։