ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հույս ունեն: Այս մասին Բաքվում կայացած համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը, մասնավորապես՝ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչին հաջորդել են երկու երկրների արտգործնախարարների շփումները:
«Մենք հավատում ենք և սպասում ենք, որ լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն խաղաղության և անվտանգության վերականգնմանը հասնելու, ինչպես նաև առաջընթացի ուղղությամբ»,- ասել է նա:
Ֆրենսիսը հավելել է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։