ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները չեն կարող խանգարել ՌԴ-ում ընտրությունների անցկացմանը և վախեցնել մարդկանց սահմանամերձ շրջաններում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
«Ռազմական տեսակետից անիմաստ և մարդասիրականտեսանկյունից հանցավոր այս ակցիաների նպատակը, ինչպես արդեն ասվել է, Ռուսաստանի նախագահի ընտրություններին խոչընդոտելու փորձն է։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը դրան կպատասխանի ավելի մեծ համախմբվածությամբ», - հայտարարել է Պուտինը։
Պետության ղեկավարը վստահ է, որ ռուս ժողովրդին, Ռուսաստանի բազմազգ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել։ Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը մի շարք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ է իրականացրել, Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա՝ ավելի քան 2,5 հազար անձնակազմի և 35 տանկերի մասնակցությամբ, նրանք ոչ մի տեղ հաջողություն չեն ունեցել և փախել են կորուստներով:
Նա միաժամանակ հայտնել է, որ դիվերսիոն հարձակումներից բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի։ Նախագահը նաև նշել է, որ ՌԴ տարածքում հակառակորդի հարվածներն անպատիժ չեն մնա:
Ուկրաինան վերջին շրջանում ուժեղացրել է Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա հարձակվելու փորձերը։ ՀՕՊ ուժերն ամեն օր տասնյակ անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի հրթիռներ ու արկեր են որսում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը փորձում են դիվերսիոն խմբեր մտցնել ՌԴ տարածք։ Մարտի 12-15-ը «Վոստոկ» խմբավորման զորքերը սահմանապահների հետ համատեղ կանխել են Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածք ներխուժելու մի քանի փորձեր: