ՀՀ–ն պատրաստվո՞ւմ է ԵՄ անդամության հայտ ներկայացնել․ արտգործնախարարի պատասխանը

Արարատ Միրզոյան
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հավանություն էր տվել մի բանաձևի, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է հարցին, թե արդյոք Երևանը ծրագրում է ԵՄ անդամության հայտ ներկայացնել:
«Երբ Հայաստանը ԵՄ անդամության հայտ ներկայացնելու մտադրություն ունենա, դուք դրա մասին առաջինը կիմանաք», - խորհրդարանում լրագրողներին ասել է Միրզոյանը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար:
Հիշեցնենք` Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Փաստաթղթի հեղինակը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն է։
Փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակելու է կայուն բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով իր ժողովրդավարությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով ակտիվորեն աջակցել Հայաստանին: