ՀՀ–ն նոր զիջումների կգնա` պատրվակ բերելով Ալմա Աթայի հռչակագիրը. ՀՀ նախկին արտգործնախարար

Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, ինքնապաշտ են և ուզում են հայոց պատմությունը սկսել իրենցից, ինչը թե՛ դրսի ճնշումն է, թե՛ թշնամիների պահանջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունը շարժվում է թշնամու թելադրանքով և պատրաստ է Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջել` պատրվակ բերելով Ալմա Աթայի հռչակագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
1992 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրել է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը (Ալմա Աթայի հռչակագիրը)։ Այս փաստաթղթի մասին սկսեցին ակտիվ խոսել, երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Գերագույն խորհուրդը հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ Օրերս ՀՀ արտգործնախարարությունը, պատասխանելով ԶԼՄ–ներից մեկի հարցմանը, ասել է, որ վերապահումներ պարունակող փաստաթուղթը չի հասել ԱՊՀ Գերագույն խորհրդին։
«Ես հավատացած եմ, որ պատկան մարմինները, այն ժամանակ գործող ընթացակարգի համաձայն, այդ ամեն ինչը տեղ հասցրել են։ Կան պետական արխիվներ, նախկին պաշտոնյաներ, որոնք կարող են ստույգ պատասխանը տալ։ Եթե իսկապես ստույգ է այդ գերատեսչական պատասխանը, պարզ է, որ ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որ Հայաստանի ազգային շահը, տվյալ դեպքում` Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը և Ալմա Աթայի հռչակագրի հետ կապ չունենալը դուրս գա օրակարգից։ Իրենք մաքրագործում են թշնամու համար անգամ այդ վերապահման հնարավորությունը»,–ասաց նա։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հռչակագրի մասին հիշատակումները սկսել է անել հենց ՀՀ իշխանությունը, մինչդեռ Ադրբեջանն ինքը չի ընդունում հռչակագրի սկզբունքները։
«Այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթված է, Ադրբեջանն ավելին է ուզում, և ՀՀ ղեկավար հանդիսացող անձը ուզում է միակողմանի հավելյալ զիջումներ անել` հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին։ Մինչդեռ, եթե հռչակագրով շարժվենք, ադրբեջանցի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից»,–ընդգծեց նա։
Քաղաքական գործչի խոսքով` ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, ինքնապաշտ են և ուզում են հայոց պատմությունը սկսել իրենցից, ինչը թե՛ դրսի ճնշումն է, թե՛ թշնամիների պահանջը, իսկ իշխանություններն իր հերթին օգտագործում են իրավիճակն իրենց աթոռները պահելու համար։
Հովհաննիսյանն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունները, արհեստականորեն փորձելով հակադրել անցյալն ու ներկան, պետությունն ու հայրենիքը, Արագածն ու Մասիսը, հոգեբանորեն ուղղակի պատրվակ են փնտրում իրենց անօգնականությունը, անողնաշարությունը, արտաքին և ներքին ձախողումն արդարացնելու համար։
Եթե այս իշխանությունը շարունակի գործել, ապա Հովհաննիսյանը լուծում չի տեսնում ոչ մի ճակատում ` ո՛չ ներքին, ո՛չ արտաքին, ո՛չ բանակցությունների, ո՛չ հայ–ռուսական, ո՛չ հայ–եվրոպական, ո՛չ հայ–իրանական հարաբերություններում։
Նա ընդգծում է, որ այսօր Հայաստանի վարած դիվանագիտությունը արտացոլում է ՀՀ իշխանության մասնագիտական կրկեսն ու անկարողությունը։
Հովհաննիսյանի խոսքով` այս իշխանության օրոք չկա դիվանագիտություն, որը կբարձրացնի Հայաստանի ներկայացուցչական, ազգային շահի պաշտպանության ասպեկտները։
Անդրադառնալով հայ–ռուսական հարբերություններին և Արցախի հայաթափմանը ` քաղաքական գործիչը նշեց, որ լուրջ խնդիրներ է տեսնում այդ առումով։ Ըստ նրա` այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է տարվի, միաժամանակ հարցը չի ունենա ամբողջական պատասխան, եթե չնշվի, որ կատարվածի հիմնական աղբյուրը Հայաստանի իշխանությունների պահվածքն է, իրենց խոսույթն ու զիջումները և հենց Արցախի հարցում նշաձողի իջեցումը։
«Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա ամեն ինչ բարդելը ցույց է տալիս ՀՀ իշխանությունների գերագույն անպատասխանատվությունը»,–ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի` հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն։ Ռուսաստանի ղեկավարությունն իր հերթին պետք է ավելի արդար, դաշնակցային մոտեցում ցուցաբերի` հենվելով ժողովուրդների միջև բարեկամության, այլ ոչ թե ՀՀ իշխանության քայլերի վրա։ Հայաստանն էլ իր հերթին պետք է վերջ տա խաղարկային, պահի ազդեցության տակ քաղաքականություն վարելուն, որից էլ բխում է դեպի Արևմուտք երկրի քաղաքական վեկտորը փոխելու իշխանությունների մտադրությունը։
Քաղաքական գործիչը վստահ է, որ խնդիրների մեծ մասը կլուծվի այս իշխանությունների հեռացմամբ։ Միայն թե ներկայիս իշխանությանը ոչ թե ընդդիմությունը կարող է հեռացնել, այլ ժողովուրդն իր միասնականությամբ։ Դա պետք է լինի ոչ թե մի փրկչին մյուսով փոխարինելու տրամաբանությամբ, այլ հավաքական պատասխանատվությամբ` չկորցնելով բանականությունը։
Ալիևը հոխորտում է` ամեն ինչ իրենն է, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել. Արծվիկ Մինասյան