ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ- ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։
Նա հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։
Մարտի 14-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու շեշտեց՝ եթե ՀՀ–ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։