ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության էական նվազմանը: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը։ Նախարարը շեշտեց, որ առաջին անգամ ԵՄ-ն` որպես մեկ ամբողջություն, մասնակցում է Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերի լուծմանը:
«ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունն էականորեն նվազել է, և ստացվում է, որ այս առաքելությունն էական գործոն է դարձել հենց սահմանի կայունության համար»,– կարծում է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել է 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։
2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբը բացվել է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12–ին հայտարարեց` չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։