ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների դիտարկում է իրականացվում Ռուսաստանի 28 շրջանում և արտասահմանյան տեղամասերում։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն:
Առաքելության անդամներն աշխատում են նաև ամենաարևմտյան շրջանում՝ Կալինինգրադի մարզում, Կենտրոնական Ռուսաստանում, Պովոլժիում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում։
Տարածաշրջանային այցելությունների ընթացքում միջազգային դիտորդների աշխատանքը սկսվում է հանրապետական, մարզային ընտրական մարմինների ներկայացուցիչների հետ շփումից, այնուհետև, որպես կանոն, ուսումնասիրվում է տարածքային հանձնաժողովների գործունեությունը, իրականացվում են այցելություններ ընտրատեղամասեր և քվեարկության գործընթացի անմիջական մոնիտորինգ: Ընտրությունների օրերին առաքելության անդամներից յուրաքանչյուրը մեծամասամբ հասցնում է գնահատել ընտրարշավի ընթացքը ավելի քան 10 տեղամասում ։
Մոնիտորինգի խմբի համար դիտորդական գործունեություն է նախատեսված նաև Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում գործող տեղամասերում:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15–17–ը։
Ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը: