Անարգվում են իրավունքները. Մայր աթոռի հայտարարությունը Արցախի գերեվարված ղեկավարների մասին

Մայր աթոռը միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին կոչ է արել առավել գործնական միջոցներ կիրառել հայ գերիների շուտափույթ վերադարձի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը: Դրա ցուցադրությունը նախատեսված է մարտի 28-ին։
«Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: Նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը։ Փորձ է արվում նաև տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների դեմ արցախահայության մղած ինքնորոշման պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն»,– ասված է հայտարարության մեջ:
Մայր աթոռում վստահ են` խաղաղության հասնելու` Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումները կեղծ են և նենգամիտ։ Հայտարարությունում նշվում է նաև, որ Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է այնպես անեն, որպեսզի Ադրբեջանը բացառի իր ագրեսիվ ու թշնամական գործողությունները և բոլոր հայ գերիներին ազատ արձակի։
Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ գործողություններին։ Կոչ են արել նաև առավել գործնական միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։