Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հարցին, թե ինչու է Հայաստանը սառեցրել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
«Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել»,-հստակեցրել է նախարար Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։
«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ-ի սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որոնց համար պատասխաններ են ակնկալվում։