ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը ։
Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։
«Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նախարարը։
Միրզոյանը պատասխանեց նաև ընդդիմության հարցերին, մասնավորապես, թե ինչու «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել ծանոթանալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկներին:
ԱԳՆ ղեկավարը պարզաբանեց՝ որոշումը պայմանավորված է պատգամավորների անընդունելի պահվածքով։ Նրա խոսքով՝ ավելի վաղ նրանց հրավիրել էին նախարարություն, ցույց էին տվել փաստաթուղթը, նրանք սեփական աչքերով տեսել էին, որ ոչ մի խայտառակ դրույթ այնտեղ չկա, բայց հետագայում շարունակել էին այլ տեղեկություններ տարածել։
Նա ընդդիմությանը կոչ արեց գույները չխտացնել, քանի որ իրավիճակն առանց այդ էլ բարդ է։ Ըստ նրա՝ իրենք էլ, անշուշտ, հեռու են իրավիճակը վարդագույնով ներկայացնելուց, բայց նաև կառավարության համար անընդունելի են հասարակությանն ավելորդ սթրեսի ենթարկելու ընդդիմության քայլերը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։