Որքանո՞վ է իրատեսական ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը, ո՞րն է ԵԽ-ի բանաձևի իմաստը. քաղաքագետ

Եվրոպական խորհրդարան. Արխիվային լուսանկար
Բենիամին Պողոսյանն առաջին հերթին հիշեցնում է` Եվրախորհրդարանը լուրջ ազդեցություն չունի ԵՄ գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Եվրոպական խորհրդարանն իր բանաձևով, ըստ էության, արձագանքել է ՀՀ–ից եկող ազդակներին՝ ԵՄ–ին ավելի մերձենալու ցանկության մասին, սակայն միությանն անդամակցելու ակնկալիքների մեջ պետք է իրատես լինել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «APRI Armenia» կենտրոնի վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։
Փորձագետը կարծում է, որ կան մի շարք կարևոր կետեր, որոնք չի կարելի հաշվի չառնել ԵՄ անդամակցության համար ՀՀ շանսերը գնահատելիս: Ըստ նրա` առաջին հերթին պետք է հասկանալ, որ Եվրախորհրդարանը լուրջ ազդեցություն չունի ԵՄ գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների վրա, այն սահմանափակ գործառույթներով ներկայացուցչական մարմին է:
Պողոսյանի կարծիքով` ԵՄ անդամ դառնալու համար պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանը, պետք է համապատասխան հայտ ներկայացնի, որից հետո Եվրոպական խորհուրդը պետք է հանձնարարի Եվրոպական հանձնաժողովին եզրակացություն տալ: Եթե եզրակացությունը դրական է, ապա այն կրկին փոխանցում են Եվրախորհրդին, իսկ հետո արդեն ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները պետք է միաձայն որոշում ընդունեն երկրին թեկնածուի կարգավիճակ տալու մասին:
«ԵՄ անդամ թեկնածու երկրների զգալի մասը, ինչպես գիտենք, այդ կարգավիճակը ստացել են միայն ասոցացման համաձայնագրի ստորագրումից և այդ համաձայնագրի իրականացման բազմամյա գործընթացից հետո։ Դրանք են, մասնավորապես, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Ասոցացման համաձայնագիրն այս երկրները ստորագրել են 2014 թ., իսկ թեկնածուի կարգավիճակ Ուկրաինան և Մոլդովան ստացել են 2022 թ., Վրաստանը՝ միայն 2023 թ. վերջին։ Այդ որոշումներն էլ ընդունվել են ուկրաինական իրադարձությունների արդյունքում։ Եթե չլինեին մարտական գործողությունները, նրանցից ոչ մեկը թեկնածուի կարգավիճակ չէր ստանա»,– ընդգծեց Պողոսյանը։
Նա այն կարծիքին է, որ իրավական տեսանկյունից ՀՀ–ն կարող է դառնալ ԵՄ անդամության թեկնածու առանց ասոցացման համաձայնագրի, սակայն հազիվ թե ՀՀ–ին հնարավորություն տրվի արագացնել այդ գործընթացը։ Անգամ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրագործումը երկար տարիներ կպահանջի։
Պողոսյանի գնահատմամբ` գլխավոր ռիսկն այն է, որ ՀՀ–ն Եվրասիական տնտեսական միության անդամ է ու բացառում է, որ մեր երկրին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրվի, քանի դեռ դուրս չենք եկել ԵԱՏՄ–ից։
«Հնարավոր է, որ ԵՄ-ում համաձայնեն սկսել դիտարկել Հայաստանի հայտը, հենց որ երկիրը սկսի ԵԱՏՄ–ից դուրս գալու գործընթացը, սակայն դա իրավական տեսանկյունից շատ երկարատև գործընթաց է լինելու՝ չափազանց ծանր տնտեսական և քաղաքական հետևանքներով։ Դա կհանգեցնի, օրինակ` Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզմանը։ ՀՀ-ի համար ռիսկերը շատ են, և անհասկանալի է, թե ինչ է ստանալու դրա դիմաց։ Այնպես որ, ԵՄ–ին ՀՀ անդամակցության մասին խոսակցություններն այժմ ավելի շատ տեսական դատողությունների տեսք ունեն»,– ընդգծեց քաղաքագետը։
ԵՄ–ի հետ հարաբերությունների համատեքստում արդիական թեմաներից մեկը վիզաների ազատականացումն է։ Ըստ նրա` այստեղ ևս կարևոր է ասոցացման համաձայնագրի ստորագրումը։
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 6.5 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի
«Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը վիզաների ազատականացմանը հասել են միայն համաձայնագրի ստորագրմամբ, ինչն էլ ենթադրում է դառնալ Ազատ առևտրի գոտու անդամ, իսկ ՀՀ–ն, լինելով ԵԱՏՄ անդամ, չի կարող այդ գոտու անդամ դառնալ։ Հանուն արդարության պետք է ասել, որ ԵՄ–ն ցանկություն ունի ՀՀ հետ քննարկել վիզաների հարցը՝ անկախ ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Թե որքան կտևեն այդ բանակցությունները, ոչ ոք չի կարող ասել»,– նշեց Պողոսյանը։
Նա նաև այն համոզմանն է, որ Եվրախորհրդարանի բանաձևը դժվար թե լուրջ քաղաքական օգնություն դառնա նաև ՀՀ անվտանգության տեսանկյունից, թեև բանաձևի մեջ խոսվում է ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Բանաձևը նաև դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և երկրի որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։