ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահը։
Նշվում է, որ 1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժին։
«Չորս տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրեց իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում մեկ գործի ցուցադրությամբ այն շուտով կներկայացվի հանրությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը մշակութային արժեքների վերականգնման պրոցեսը ներկայացնող ինտերակտիվ ցուցադրություն է, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում:
Հանրահայտ արվեստագետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են աշխատանքային լուսանկարներ, բացատրագրեր, հոլովակներ, որոնք ամփոփ ներակայացնում են վերականգնման տևական ընթացքը։ Իսկ սրահում տեղակայված վերականգնման արվեստանոցի անկյունը այցելուին հնարավորություն է տալիս մասնակից դառնալու վերականգնման գործընթացին։
Նշենք, որ հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավը ստեղծվել է 1907 թվականին։