Փորձնական բեռներ. Երևանում ներկայացվել են Հնդկաստան-ՀՀ-ԻԻՀ առևտրային երթուղու մանրամասները

«Չաբահար» նավահանգիստ
Այս պահին Երևանն առևտրային ուղու գործարկման կոնկրետ ժամկետներ չի նշում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանի և Իրանի հետ ակտիվ բանակցություններ է վարում առևտրային երթուղու գործարկման շուրջ։ Այժմ մեկնարկել է այդ երթուղով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը։ Տեղեկությունը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2024 թվականի մայիս ունենալ պատշաճ աշխատող առևտրային ուղի Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստի և Հայաստանի միջև` Իրանի տարածքով։
«Նախագիծը կա, մենք այն բավական սերտ քննարկում ենք մեր գործընկերների հետ եռակողմ ձևաչափով, բայց առայժմ չէի ցանկանա մանրամասներ բացահայտել», - ասաց Տերյանը:
Նրա խոսքով՝ այդ երթուղով փորձնական ռեժիմով բեռներ են ուղարկվում։ Այնուամենայնիվ, կայուն տրանսպորտային ուղի գործարկելու համար դեռ շատ անելիք կա:
Ինչ վերաբերում է «Չաբահար» նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությանը, ապա Տերյանը պարզաբանեց, որ քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների մասնակցության տարբեր ձևաչափեր։
Հիշեցնենք` Երևանում հույս ունեն, որ առևտրային երթուղու գործարկումը թույլ կտա կտրուկ ավելացնել ապրանքաշրջանառությունն ու բեռնափոխադրումները Հայաստանի, Հնդկաստանի, Իրանի միջև, հետագայում նաև` դեպի Վրաստան ու ԵՄ և հակառակ ուղղությամբ:
Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը հույս ունի ելք ունենալ դեպի իրանական Չաբահար նավահանգիստ և մինչև 2024 թվականի վերջ միանալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին։
Էկոնոմիկայի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, իր հերթին հայտնել էր, որ Հայաստանը կարող է Հնդկաստանն ու Իրանը կապել ԵՄ-ի և ԵԱՏՄ երկրների հետ և դառնալ բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհը լոգիստիկ այս ուղու վրա։
Այդ դեպքում բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։