ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված 7 ընտանիք սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք բերելու համար դարձել են ՀՀ շահառու։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս ընտանիքները համապատասխանեցրել են իրենց կարգավիճակը պայմանին` ստացել են ՀՀ քաղաքացիություն և առաջիկայում կկառուցեն իրենց տունը։
«Նրանցից արդեն ստացել ենք նախահաշիվը ու ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը»,– ասաց Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս փաստն ուրախացրեց։
«Եկեք արձանագրենք, որ նրանք ԼՂ–ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են, որոնք կօգտվեն պետության կողմից առաջարկվող 16 մլն դրամանոց աջակցության ծրագրից։ Այդ փաստը պետք է ողջունել, քանի որ դա շատ կարևոր փաստ է»,– նշեց նա։
Հիշեցնենք` սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագիրը հաստատվել էր կառավարության 2022 թ. հունիսի 9-ի նիստում։
Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, դրանից կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։
Կառավարության կանխատեսմամբ` մինչև 2025 թվականի ավարտը Հայաստանի 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում առնվազն 550 ընտանիք պետք է պետության աջակցությամբ տուն կառուցի։
2023 թ. պետական բյուջեով այդ ծրագրին հատկացվել է 466 միլիոն դրամ, 2024 թ. համար նախատեսվում է տրամադրել ևս 1.5 միլիարդ։
Պետության երաշխավորմամբ բանկը յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրում է առավելագույնը 16 մլն դրամ։
Պայմանագիրը կնքելուց հետո շահառուն պարտավորվում է 3 տարի ժամկետում տան կառուցումը հասցնել ավարտին և ներկայացնել ավարտական ակտը։ Հակառակ դեպքում գնահատվում է, որ տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել և աջակցություն դադարեցվում է։
Ծրագրում ընդգրկված են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ բնակավայրերը։