ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ–ում կստեղծվի տեղեկատվական անվտանգության և գաղտնագրության ազգային կենտրոն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Համագործակցելով համապատասխան կառույցների հետ՝ կենտրոնը կմշակի անվտանգության նորմեր պետական էլեկտրոնային տվյալների բազաների ու տեղեկատվության փոխանակման համար և կմշակի դրա համար անհրաժեշտ ծրագրային լուծումներ:
«Կազմակերպությունը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների մշակումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կենտրոնը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից։
Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024 թ. 10 ամիսների համար կազմել են 1 մլրդ 343 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ–ն և ձեռք բերվող կապիտալ սարքավորումների արժեքը, իսկ 2025 թ. և յուրաքանչյուր տարվա համար` շուրջ 1 մլրդ 014 մլն դրամ: