ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2024 թ. ապրիլի 15–ից մինչև հուլիսի 15–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9–ը` ավագ ենթասպայական կազմի, 298–ը` սպայական կազմի պահեստազորայիններ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փետրվարի 29–ի նիստի ժամանակ որոշել էր 2024 թ. ապրիլի 1–ից մինչև հունիսի 28–ը ներառյալ անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։