ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարության, ԱԳՆ–ի, վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14–ը աշխատանքային այցով գտնվում էր Հնդկաստանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Հայտնել էինք նաև, որ հնդկական Zen Technologies ընկերությունը, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։