ՀԱՄԱՍ-ը մինչ օրս կոնկրետ պատասխան չի տվել պատանդների գործարքի վերաբերյալ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետի խոսքով` միակ դրական կետն այն է, որ Կատարը սկսել է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչ օրս կոնկրետ պատասխան չի տվել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման դիմաց հրադադարի գործարքի վերաբերյալ և շարունակում է անընդունելի պահանջներ ներկայացնել` բանակցություններում առաջընթաց չցանկանալով։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե կարողանայի, ուրախ կլինեի այսօր ձեզ լավ լուր հաղորդել: Մինչ օրս ՀԱՄԱՍ-ից ռեալ պատասխան չի ստացվել։ Նրանք շարունակում են անընդունելի պահանջներ ներկայացնել։ Նրանք չեն ուզում առաջ շարժվել, նրանք նաև ցանկանում են տարածաշրջանում սրել իրավիճակը Ռամադանի շրջանում... դա է նրանց նպատակը»,-ասել է վարչապետը պատանդների ընտանիքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետի խոսքով` միակ դրական կետն այն է, որ Կատարը սկսել է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա:
«Մենք առաջին անգամ տեսնում ենք Կատարի ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա... Կատարը սկսել է նրանց ասել` «մենք ձեզ կարտաքսենք», «մենք ձեզ կզրկենք փողից»... մենք համոզվեցինք, որ դա իսկապես ասվել է։ Դա փոփոխություն է, դա դրական պահ է»,-ընդգծել է Նեթանյահուն։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։