Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Մարմնամարզիկներից միայն Արթուր Դավթյանն է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները, և հայտնի են դարձել չեմպիոնները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):
Կանանց մրցումներում չեմպիոնի կոչմանն արժանացել են Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ) են:
Բազմամարտում Հայաստանի չեմպիոններ են դարձել Գագիկ Խաչիկյանը և Նանե Միքայելյանը:
Մարմնամարզիկները նախապատրաստվում են հաջորդ ամիս Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու Դոհայում անցկացվելիք աշխարհի գավաթի 4-րդ փուլի խաղարկությանը։
Մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունը նույնությամբ կրկնելու դեպքում առաջիկա մրցաշարերում ևս հաջողություն կունենա: Գոհացնող ելույթներ են ունեցել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Մարզիչը նաև ներկայացրել է Իտալիայում ապրիլի 24-28-ը կայանալիք Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությանը մասնակցող թիմի կազմը։
Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Էրիկ Բաղդասարյանը, Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը: Երիտասարդների կազմում են՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը, Շեքսպիր Գևորգյանը:
Հիշեցնենք՝ մարմնամարզիկներից Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Արթուր Դավթյանը: Փարիզ-2024-ի ուղեգրի հնարավորություն է պահպանում նաև Վահագն Դավթյանը, եթե Դոհայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին առաջին տեղը զբաղեցնի օղակների վարժությունում: