Հայաստանը կամուրջ է 3-րդ երկրներ դուրս գալու համար. գործարարը նշել է, թե որն է Դելիի շահը

Հայաստանն ու Հնդկաստանը կարող են համագործակցություն զարգացնել տարբեր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Հայաստանը Հնդկաստանին հետաքրքիր է ոչ միայն երրորդ երկրների շուկաներ դուրս գալու առումով, այլև վերաարտահանման հնարավորությունների համատեքստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Առևտրի միջազգային պալատի ներկայացուցչության ղեկավար Րաֆֆի Սեմիրջյանը։
Նրա խոսքով` խոսքը միայն ԵԱՏՄ և ԵՄ երկրների մասին չէ։
Սեմիրջյանը կարծում է, որ Հայաստանն ու Հնդկաստանը կարող են մեծացնել համագործակցությունը ՏՏ-տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում, ստեղծել համատեղ բիզնես-կոոպերացիաներ:
Այսպես, Հնդկաստանում է գտնվում ՏՏ ոլորտի խոշորագույն համաշխարհային կենտրոններից մեկը ՝ Բանգալորը, որը նման է ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտին։ Այս հարցում ևս երկու երկրները կարող են ակտիվորեն համագործակցել:
Սեմիրջյանը նշեց, որ Հնդկաստանին բաժին է ընկնում աշխարհում ամենօրյա ռեժիմով իրականացվող թվային վճարումների 45 տոկոսը: Նա նաև նկատեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության մասնաբաժնով առաջատարներն են աշխարհում: Այս ցուցանիշը մեր երկու երկրներում կազմում է 49%, ԵՄ երկրներում` 30-40%, Սաուդյան Արաբիայում` 1%:
Համագործակցության ընդլայնման համար Սեմիրջյանը կարևորեց Երևան-Դելի ուղիղ չվերթների գործարկումը:
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել էր, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով աճել է 7 տոկոսով` հասնելով 380 մլն դոլարի։