ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանը դիտարկում է Եվրախորհրդարանի հետ գործընկերության հետագա հեռանկարները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ողջունում ենք Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը ձայների նման ճնշող մեծամասնությամբ, որի հստակ ուղերձը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավելի սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունն է։ Մենք դիտարկում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացման և կառուցման ուղղությամբ մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ժողովրդավարության ամուր հանձնառությամբ»,– գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: