Հայաստանում մարտի 1–ից մոտ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով` ժամանակ է պետք, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում մարտի 1–ից ի վեր շուրջ90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Կառավարության նիստից հետո տեղեկությունը հայտնեցՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ «Արմեդ» համակարգը լավ չի աշխատում։
«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է։ Բայց ես նորից հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը. ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի դժվարություններ են առաջանում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությանը, թե էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ժամանակից շուտ է ներդրվել, և շատ չլուծված խնդիրներ կան, ապա Ավանեսյանն ընդգծեց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ։ Նա ընդգծեց, որ այդ տրամաբանությամբ բարեփոխումները կարելի է հավիտյան հետաձգել և ասել, որ հաջորդ դարերում հասարակությունն ավելի պատրաստ կլինի։
«Մեր մոտեցումն է, որ մենք մեր բոլոր նախանշած բարեփոխումները հստակ ժամկետներով իրականացնենք և այն խնդիրները, որոնք պրակտիկ փուլում առաջ են գալիս, լուծենք ու առաջ գնանք»,–ասաց Ավանեսյանը։
Նա վստահեցրեց, որ համակարգը պատրաստ էր ներդրման, պատրաստ էին նաև բժիշկները։
Հիշեցնենք` մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թվականի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։