Հայաստանի և Հնդկաստանի առևտրաշրջանառությունը 2023-ի արդյունքներով 7%-ով աճել է. փոխնախարար

Փոխնախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունը մտադիր է օգնել տեղական արտադրողներին հսկայական հնդկական շուկա դուրս գալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով աճել է 7%-ով՝ հասնելով 380 մլն դոլարի։ Տեղեկությունը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Նրա խոսքով՝ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա։
«Մեր հիմնական նպատակն է ոչ միայն զարգացնել հնդկական ներմուծումը, այլև օգնել մեր արտադրողներին հնդկական շուկա դուրս գալ», – ասաց Տերյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ Հնդկաստանն աշխարհում հինգերորդ տնտեսությունն է, և դա դեռ սահմանը չէ։ Հայաստանում արտադրված այս կամ այն ապրանքների վաճառքի լայն հնարավորություններ կան։
Տերյանի խոսքով՝ երկրների միջև վաղուց արդեն բարեկամական կապեր են ձևավորվել։ Հնդկաստանից բազմաթիվ ուսանողներ շարունակում են Հայաստան գալ սովորելու։ Բացի այդ, վերջին երկու տարիներին Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսք է գրանցվում։