ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր կապերի ամուր հիմքի վրա: Ավելին, Երևանն ու Դելին խորացնում են քաղաքական փոխգործակցությունը։ Այս մասին հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դինամիկա են հաղորդում նաև բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները:
Դիվանագետը նշել է, որ նման համաժողովները կարող են խթան հանդիսանալ երկու երկրների գործարարների միջև գործարար կապերի ընդլայնման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի ապրանքաշրջանառության աճին:
«Համաժողովի անցկացման գաղափարը ծագել է մոտ մեկ ամիս առաջ, երբ ինձ հրավիրեցին մի միջոցառման, որը կոչված է նախանշելու Հայաստանի ու Հնդկաստանի միջև գործարար շփումների ակտիվացման ուղիները», - նշեց Սինհան:
Նա հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը կզարգանա՝ հիշեցնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մասին:
Նա կարևորեց համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, լոգիստիկայի, դեղագործության, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտներում:
Դիվանագետը նաև հայտնեց, որ հնդիկներն այսօր Հայաստանում թվով երկրորդ համայնքն են ռուսաստանցիներից հետո:
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում ասել էր լրագրողներին, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով աճել է 7 տոկոսով՝ հասնելով 380 մլն դոլարի։