ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Եվրամիությունը ստուգումներ է սկսել AliExpress-ի, TikTok-ի և այլ առաջատար առցանց-սերվիսների նկատմամբ՝ Թվային ծառայությունների մասին օրենքի համատեքստում (Digital Service Act, DSA), որը կարգավորում է թվային հարթակների աշխատանքը: Այս գործողություններն ուղղված են նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։
AliExpress-ը կասկածներ է առաջացնում Եվրահանձնաժողովում առողջությանը սպառնացող ապրանքների, այդ թվում՝ կեղծված դեղերի վաճառքը կանխելու պարտավորությունների հնարավոր չկատարման պատճառով: Ընկերությունը մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հարցում է ստացել 2023 թվականի նոյեմբերին, որից հետո սկսվել է DSA-ի համապատասխան սպառողների իրավունքների պաշտպանության ստուգման պաշտոնական ընթացակարգը։
Նմանատիպ միջոցառումների շրջանակներում ուսումնասիրություններն անդրադառնում են ևս ութ առցանց ծառայությունների, այդ թվում՝ TikTok-ին, «Ֆեյսբուք»-ին, Google-ին, YouTube-ին և X-ին, որոնք կասկածվում են «դիփֆեյքերի» տարածման նկատմամբ անբավարար վերահսկողության համար:
Այդ հարթակներից կպահանջեն տեղեկատվություն տրամադրել իրենց գործունեության մասին, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանք կարող են տուգանվել ։
Օգոստոսի 25-ից Եվրամիությունն ուժեղացրել է «առանձնապես խոշոր» համարվող 19 առցանց հարթակների վերահսկողությունը, որոնց թվում են X, TikTok, «Ինստագրամ», YouTube, Google և Amazon Store ցանցերը։
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնն ընդգծել է, որ DSA-ի առանցքային նպատակներն են երեխաների պաշտպանությունը և ապատեղեկատվության դեմ պայքարը, այդ թվում՝ «ռուսամետ քարոզչությանը» հակազդելը: Նա նաև նշել է Եվրահանձնաժողովի մտադրությունը՝ մանրակրկիտ ստուգել պլատֆորմների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին և խախտումների հայտնաբերման դեպքում պատժամիջոցներ կիրառել: