ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որը չափազանց կարևոր է Հայաստանի միջազգային ընկալման համար։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Բանաձևը նաև դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և երկրի որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։
Փաշինյանը նշեց, որ բանաձևը մեջբերել է 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրախորհրդարանում իր ունեցած ելույթից հատված, թե ՀՀ–ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ–ին, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի` արձանագրելով` եթե ՀՀ–ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։
«Այս բանաձևը պետք է հանրային քննարկման առարկա դառնա։ Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ–ները, հարության տարբեր շերտեր վերաբերմունք կարտահայտեն Եվրախորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձները շատ ավելի լայն արձագանքի կարիք ունեն, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նա վստահեցրեց` ՀՀ կառավարությունն ունի կամք` շարունակելու աշխատանքները ԵՄ–ի հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ։