ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Սա շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,– նշում է պարբերականը` հավելելով, որ Առուշանյանի՝ ՔՊ-ական դառնալու գործում իր ներդրումն ունի նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Թերթը կապ է հաստատել Առուշ Առուշանյանի հետ, նա հորդորել է նման հարցերով իրեն չզանգել և չանհանգստացնել։
Պարբերականը հիշեցրել է Գորիսի համայնքապետի դեմ հարուցված գործերը։
9-ամսյա կալանքից հետո Առուշ Առուշանյանը 2022 թվականի մարտի 28-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Եվս մեկ քրեական գործ կա, որով նա մեղավոր է ճանաչվել։ Ըստ իրավապահների` Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի, Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս ու մարմնական վնասվածքներ է պատճառել։