Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, նշանակվել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը:
Նշվում է, որ Աննա Հակոբյանն այս պաշտոնում ընտրվել է խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ։
«Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը։ Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել»,- ասել է Աննա Հակոբյանը:
Մյուս նիստի ժամանակ էլ հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նշենք, որ մինչ այս Աննա Հակոբյանը զբաղեցնում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ Մխիթար Հայրապետյանը հիմնադրամի գործադիր տնօրենն էր։
Ունեմ անհամաձայնություններ. «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել