ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ–ում գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կառավարությունը գյուղացուն կտրամադրի 70 000 դրամ, եգիպտացորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հա համար՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հա համար՝ 110 000 դրամ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով բուսաբուծության աջակցության ծրագիրը, նշեց, որ գարնանացանից երկու ամիս առաջ գյուղացին դիմում է իր համայնքին, որը մոնիթորինգ է անում գյուղացու դիմումը, որից հետո համայնքը նրա փաստաթղթերը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարի խոսքով` գյուղացին գումարը կստանա անկանխիկ եղանակով` բանկային քարտի վրա, բերքահավաքից առաջ` օգոստոս–սեպտեմբեր ամիսներին։
«Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ թե քրեական գործեր»,– հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարար Պապոյանը շտապեց ներկայացնել ընթացակարգը՝ շեշտելով, որ ցանքսը պետք է արվի միայն հավաստագրված սերմերով, ոչ թե իրենց ուզած, նախընտրած տարբերակներով։
«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք, սակայն հույս ունեմ, որ լոբի էլ կստանանք»,– նկատեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, որ այս նախագծի հետ կապված մտահոգություններ շատ ունի, սակայն ի հեճուկս դրանց` այս որոշումը պետք է կայացվի։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց, հաշվի առնելով ջրի խնդիրը և Սևանա լճից հավելյալ ջրառից խուսափելու համար, Արարատի և Արմավիրի մարզերում պետությունը չսուբսիդավորի հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, որպեսզի այստեղ ավելի բարձրակարգ մշակաբույսերի մշակումը խթանվի, ոչ թե ցորեն ու գարի։
Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները հակադրվեցին` ասելով, որ նման կտրուկ որոշման չպետք է գնալ, քանի որ երբեմն անասնակերի պահանջարկ էլ է երկրում առաջանում ու ստիպված ենք լինում նաև այս մարզերում անասնակեր ցանել։