ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն մերժել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին տրամադրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների հերթական փաթեթը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չեն համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը։
«ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից»,– գրել է Գեղամ Մանուկյանը` հիշեցնելով, որ նախկինում յուրաքանչյուր հերթական տարբերակին ծանոթանալուց ու ընդդիմադիրների հնչեցրած հրապարակային մեկնաբանություններից հետո Ադրբեջանից իշխող ուժի մակարդակով քննադատություններ են հնչել ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։
Ընդդիմադիր պատգամավորը ԱԳՆ–ի այս որոշումը որակել է որպես պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու կամայական քայլ, որի նպատակը, ըստ նրա, հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումն է։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։