ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը Sputnik Արմենիայում կայացած մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցը քաղաքականացված է։
Նրա համոզմամբ՝ եթե հարցը բարձրացվեր 10-20 տարի առաջ, ապա այսպիսի արձագանք չէր լինի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։
Մեկ օր անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ Մոսկվան տեղեկացել է միայն գերատեսչական մակարդակով և դիվանագիտական խողովակներով որևէ դիմում չի ստացել։