«25-30 օրը չափազանցված է, մենք նորմալ օրացույցային գարուն ենք գնում». Աշոտ Հարությունյան

Sputnik
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկ ֆոյսբուքում լուսանկար էր հրապարակել` հայտնելով, որ Սյունիքի մարզում ծիրանենին արդեն ծաղկել է։
Ավելի ուշ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ սպասվող բաձր ջերմային ֆոնի պայմաններում Հայաստանի ևս 3 մարզերում առաջիկա օրերին ծիրանենիների զանգվածային ծաղկում է կանխատեսվում։
Մասնավորապես` Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում ծաղկումը սպասվում է մարտի 16-18-ը, Արմավիրի մարզում՝ 18-22-ը։ Ըստ օդերևութաբանների` այս ժամանակահատվածը ծիրանենու ծաղկման բազմամյա միջին ժամկետից շուրջ 1 ամիս, ավելի կոնկրետ 25-28 օր շուտ է։
Ժամանակից շուտ ծաղկած ծառերի հետագա ճակատագրի, բացված գյուղատնտեսական տարվա խնդիրների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։
Մասնագետը հիդրոօդերևութաբանների նշած 25-30 օր ժամկետը չափազանցված է համարում` նշելով. «մենք նորմալ օրացույցային գարուն ենք գնում, չափավոր տեղումներով, տաք ու ցուրտ օրերով»։
Այս պահին ծիրանի ապագա բերքին սպառնացող վտանգ Աշոտ Հարությունյանը չի տեսնում։ Փոխարենը, սակայն, ոլորտի մանագետին ավելի շատ անհանգստացնում է ծիրանի բերքի իրացման ու ծիրանենիների փոշոտման խնդիրը, քանի որ Հայաստանում աշնան ու ձմռան շրջանում մեղվաընտանիքների մեծածավալ անկումներ են գրանցվել, որոնց պատճառները պետությունը չի ուսումնասիրել։