«Չմոռանանք, որ այսօր Ադրբեջանը ՀՀ տարածք է մխրճվել հենց նոր ձևավորված սահմաններից.» Արթուր Խաչատրյան

Sputnik
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում արձանագրել է, որ բացի ենթակառւցվածքներից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տարածքով է անցնում նաև Հայաստանի համար կարևոր ռազմավարական գիծը, որը կորցնելուց հետո մեր երկիր էլ ավելի խոցելի է դառնալու Ադրբեջանի դիմաց։
«Չմոռանանք, որ այսօր Ադրբեջանը ՀՀ տարածք է մխրճվել հենց նոր ձևավորված սահմաններից` Սոթք, Ջերմուկ։ Հարավում տարածք հանձնելուց հետո էր, որ խորը թիկունքը դարձավ սահման»,– ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք` իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու որոշ ճանապարհների նոր հատվածներ կառուցել՝ Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս մնացած ճանապարհների փոխարեն։
Փաշինյանը նաև ասել էր, որ սահմանազատման գործընթացը կարող է մեկնարկել Տավուշի մարզից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ տեսանյութ էր հրապարակել Տավուշի Ոսկեպար և Կիրանց գյուղերից` ահազանգելով, որ եթե Հայաստանի իշխանությունները Տավուշում տարածքներ հանձնեն Ադրբեջանին, ապա Բաքվի վերահսկողության տակ կհայտնվեն Ռուսաստանից եկող գազատարն ու Հայաստան– Վրաստան միջպետական ճանապարհը։