«Պետական մարմինները չպետք է բաց հավելվածներով կարևոր հարցեր քննարկեն». Սամվել Հայրապետյան

Sputnik
Բաց կապով ու բաց հավելվածներով պետական կարևոր հարցերը քննարկելը վտանգավոր է։ Sputnik Արմենիայի եթերում ասել է ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Պաշտպանության նախկին նախարարի փոխադարձ մեղադրանքները։«Պետական մարմինները չպետք է բաց հավելվածներով կարևոր հարցեր քննարկեն։ Վտանգավոր է,– ասաց մասնագետը` հավելելով,– Մենք նույնիսկ սեփական ինտերնետ չունենք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան պաշտպանության այն ժամանակվա նախարար Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է, մինչդեռ հենց այդ պահին սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել Հայաստանի տարածք ու նույնիսկ դիրքեր գրաված։
Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների Արշակ Կարապետյանը հայտարարեց, թե 2021 թ. նոյեմբերի 14–ին ինքը եղել է Դուբայում, շատ կարևոր հանդիպման և որ սահմանային իրավիճակի մասին այդ օրը վարչապետին պետք է զեկուցեր իր բացակայության ժամանակ նախարարի գործառույթները ժամանակավոր իրականացնող անձը։
Նույն օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանի անվամբ տիկտոկի էջում տեսանյութ է հրապարակվում իր և ՀՀ պաշտպանության նախկին նախարարի WhatsApp–ում նոյեմբերի 14–ի առավոտյան արված գրագրությունից։ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ ողջունում է Փաշինյանին և ասում է, որ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գրում է. «Ո՞ւր եք։ Անպատասխանատու բան ստացվեց»։
Ապա ավելացնում «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք։ Պիտի բացատրություն տաք հանրային։ Ինչ է տեղի ունեցել»։