ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի Օշական բնակավայրի 24–ամյա բնակիչը դանակահարել է նույն մարզի 42–ամյա բնակչին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ 24– ամյա երիտասարդը կալանավորվել է, նա խոստովանական ցուցմունք է տվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի «Արծվի թևեր» կոչվող տարածքի «Կարմիր հողեր» վայրում, 42–ամյա տղամարդու և նրա որդու հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, 24–ամյա երիտասարդը ձեռքին գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 42 ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Վերջինինիս «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած։
«Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ընթացքում երիտասարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող խողովակով մի քանի հարվածներ է հասցրել նաև 42–ամյա տղամարդու որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– հայտնում է ՀՀ ՔԿ–ն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։
24- ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով։