Պաշտոնյաները բաց կապով չպետք է շփվեն. մասնագետը` Փաշինյանի հրապարակած «սքրինների» մասին

Կիբեռանվտանգության մասնագետին այնքան էլ հավատ չի ներշնչում, որ Փաշինյանի անվամբ տիկտոկյան էջը այն կարող է պաշտոնական լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Պետական մարմինները չպետք է բջջային բաց կապով կամ հավելվածներով միմյանց հետ շփվեն ու շատ լուրջ հարցեր քննարկեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կիբեռանվտանգության մասնագետ, ծրագրավորող Սամվել Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվամբ տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակվել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի գրագրության վերաբերյալ։
Հայրապետյանի կարծիքով` անձնական նամակագրության հրապարակումը պետք է լինի երկուստեք համաձայնությամբ, ու այս դեպքում սա ավելի շատ իրավական ու էթիկական խնդիր է։
«Այս դեպքում ավելի ճիշտ կլինի, որ լինի ներքին հավելված, որի ամբողջ ենթակառուցվածքը, տվյալները, սերվերները կլինեն մեր երկրում, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք կարողանանք այն ոչնչացնել կամ փոփոխությունների ենթարկել»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի անվամբ տիկտոկյան էջին, ապա Հայրապետյանի համար այնքան էլ արժանահավատ չէ, որ այն կարող է պաշտոնական էջ լինել։
Կիբեռանվտանգության մասնագետը պատմեց, որ միջազգային մի քննարկման ժամանակ Իսրայելի մասնակցից իմացել է, որ իրենք ունեն պաշտպանված մի հավելած, որը օգտագործում են իրենց պաշտոնյաները, ու թե՛ սերվերները, թ՛ե բոլոր տվյալները գտնվում են իրենց երկրում, որոնք ըստ անհրաժեշտության կարող են ոչնչացվել։
«Աշխարհում ինտերնետը ստեղծվել է որպես գաղտնի զենք` գաղտնի կապի միջոց, որն առաջատար երկրների կողմից օգտագործվում էր Ա կետից Բ կետը գաղտնի ինֆորմացիա հասցնելու համար։ Հիմա հույսը դնել ինչ–որ հավելվածի վրա, որը բաց ու հասանելի է, այսինքն` ցանկացած մարդ կարող է իր բջջայինից մտնել ու ներբեռնել, կարծում եմ` սխալ է։ Առհասարակ մոլորակի վրա գոյություն չունի բոլորին հասանելի մի հավելված, որը կարող ենք ասել, որ հարյուր տոկոսով պաշտպանված ու անվտանգ կարող է լինել։ Չմոռանանք նաև, որ մենք նույնիսկ մեր սեփական ինտերնետը չունենք (այն հիմնականում ստանում ենք Վրաստանից),– նշեց նա։
Ըստ մասնագետի` եթե պետություններն ունենան նման գաղտնի հավելավածներ, ապա այդ մասին չեն բարձրաձայնի, քանի որ այն կարելի է համարել զենքի տեսակ։
2021-ի նոյեմբերի 14-ին եղել եմ Դուբայում․ Արշակ Կարապետյան