ՆԳՆ–ն ներկայացրել ԼՂ ՊԲ «Ուրալի» վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Ոստիկանության շենք
ՀՀ ՆԳՆ–ից հայտնել են, որ մեքենան տեղափոխվել է Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք, վարորդը մտել է այնտեղ, և երբ ոստիկանները պահանջել են լքել տարածքը, քաշքշուկ է սկսվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» բեռնատարի վարորդի մասնակցությամբ միջադեպի մանրամասները։
Ավելի վաղ ArmLur.am–ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի կառավարության միջոցներով ձեռք բերված ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթաց է սկսել։ Տաշիր քաղաքի ռազմական ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արցախի քաղաքացի Ժորա Սաֆարյանին, որը ունեցել է ՊԲ մեքենա։ Ժորա Սաֆարյանը հրաժարվել է իր մեքենան հանձնել, որից հետո վիճաբանություն է սկսվել: Նրան ծեծի են ենթարկել ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնում են, որ ՆԳՆ–ն որևէ կերպ ներգրավված չէ ԼՂ պաշտպանության բանակի մեքենաների առգրավման գործընթացում:
Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա մարտի 12–ին՝ ժամը 15:20–ի սահմաններում, պարեկները մեքենան կանգնեցրել են Մեծավան գյուղում: Պարզվել է, որ «Ուրալի» համարները փոխարինվել են, որոնք չեն համապատասխանում մեքենայի նույնականացման համարին։ Բեռնատարը տեղափոխվել է Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մարտի 13–ի առավոտյան ոստիկանները նկատել են, որ վարորդն ու մեկ այլ տղամարդ ինչ–որ աշխատանք են կատարում շարժիչի վրա։ Նրանք մոտեցել և քաղաքացիներին հայտնել են, որ իրավունք չունեն առանց թույլտվության գտնվել ավտոկայանատեղիում։
«Ոստիկանության ծառայողները պահանջել են դադարեցնել աշխատանքը, սակայն տղամարդիկ ոստիկանների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են նրանց»,– ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։
Բերման ենթարկելու ընթացքում վարորդի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։