ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են արտգործնախարարությունից:
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները. շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը:
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը:
Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի, ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ: