«Մեզ շփումներ են պետք». Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսքով` շփումներն անհրաժեշտ են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ՀԱՊԿ–ի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մոսկվան լսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին, շփումներ են պետք իրավիճակը պարզելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Ակնհայտ է, որ հիմա, անկասկած, մեծ աշխատանք կա անելու։ Մեզ շփումներ են անհրաժեշտ և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ երկկողմ մակարդակով՝ մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք այն հայտարարությունների հունով, որոնք արել է պարոն վարչապետը»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չբացառեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։